Աշխարհում ամենից աղտոտված օդով մայրաքաղաք է ճանաչվել Նյու Դելին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ւ.

 Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որի կազմի մեջ է մտնում Նյու Դելին, ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը, իսկ ամենակեղտոտ օդով քաղաք է ճանաչվել Հնդկաստանի Բեգուսարայ ագլոմերացիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է 2023 թվականին աշխարհում օդի որակի ուսումնասիրության մեջ, որը պատրաստել է Շվեյցարիայի IQAir կազմակերպությունը։

«Դելիում PM2,5-ի մակարդակը 2022 թվականի 89,1 միկրոգրամ/խմ-ից 2023 թվականին վատացել է մինչև 92,7 միկրոգրամ մեկ խորանարդ մետրում», - ուսումնասիրությունից հատվածներ է մեջբերում է հնդկական APB News պարբերականը:

Այսպիսով, PM2,5-ի (մանր կարծր մասնիկներ, որոնք կարող են խորը ներթափանցել շնչառական համակարգ և առաջացնել առողջական խնդիրներ) պարունակությունը քաղաքի օդում զգալիորեն գերազանցում է 60 մկգ/խմ անվտանգ սահմանը:

Հետազոտության մեջ նշված է, որ սկսած 2018 թվականից՝  Հնդկաստանի մայրաքաղաքը չորս անգամ ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը։

Ընդ որում, աշխարհի ամենաաղտոտված ագլոմերացիան (քաղաք՝ արվարձաններով) ճանաչվել է հնդկական Բեգուսարայը Բիհարի նահանգում։ Այստեղ գրանցել է PM2,5-ի 118,9 միկրոգրամ միջին պարունակություն մեկ խորանարդ մետրում: Նշվում է, որ վերջին շրջանում քաղաքում օդի որակը կտրուկ վատացել է․ Բեգուսարայը նույնիսկ նշված չի եղել 2022 թվականի վարկանիշում։

Հնդկաստանը նաև մնում է ամենաաղտոտված օդ ունեցող երկրների շարքում՝1 խորանարդ մետրում PM2,5-ի 54,4 մկգ տարեկան միջին պարունակությամբ: Հնդկաստանը 2023 թվականին 134 երկրների շարքում օդի վատագույն որակով զբաղեցրել է երրորդ տեղը  Բանգլադեշից (79,9 միկրոգրամ/խմ) և Պակիստանից (73,7 միկրոգրամ/խ/մ) հետո: 2022 թվականին Հնդկաստանն զբաղեցրել էր ութերորդ տեղն ամենաաղտոտված երկրների շարքում՝ PM2,5-ի 53,3 միկրոգրամ/խմ միջին պարունակությամբ:

--00—ԼՀ