Արցախում 5 հոգու կյանք խլած վթարի պատճառ վարորդի՝ ղեկին քնելն է․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

1

Ս. թ. հուլիսի 26-ին ժամը 08:30-ի սահմանում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Հ. Ա.-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ինչպես նաև ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝ 1958 թ․ ծնված Ա. Ա․-ն, 1961 թ․ ծնված Ս. Բ․-ն, 1982 թ․ ծնված Ռ. Ա․-ն և 1994 թ․ ծնված Ն. Գ.-ն տեղում մահացել են:

Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել վարորդի կողմից ղեկին քնելը։ 

Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը։ 

Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու նպատակով։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին, մաղթում համբերություն` անդառնալի ցավը հաղթահարելու համար։ 

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է հղում վարորդներին։ 

Հարգելի՛ վարորդներ, հիշե՛ք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, հոգնածության վիճակում չվարել այն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։

1