Քաղաքապետարանը դեռ չի կողմնորոշվել կենդանաբանական այգու նոր տնօրենի հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակություն

«Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի դիմումը դեռ մակագրված չէ, քանի դեռ քաղաքապետն արձակուրդում է, հենց վերադառնա, նաև արձագանք կտրվի կենդանաբանական այգու աշխատակիցների բարձրացրած հարցերին, նաև կորոշվի տնօրենի թեկնածու ընտրելու հարցը», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ 

Կարապետյանի խոսքով՝ Ռուբեն Խաչատրյանի աշխատանքի հետ կապված քաղաքապետարանը դժգոհություններ չի ունեցել, չեն եղել նաև տարաձայնություններ, հրաժարականի դիմում գրելու որոշումը հասունացել է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, օրինակ, վերջերս այգու կենդանիների հետ տեղի ունեցած դեպքերը։ 

«Տնօրենի մեղավորությունը կատարվածի մեջ չենք տեսնում, սակայն հասկանալի է, որ տվյալ կազմակերպության ղեկավարը պատասխանատու է այսպիսի դեպքերում», - նշեց Հակոբ Կարապետյանը, այնուհետև հավելեց․ «Ոչ ոք չի ժխտում, որ Ռուբեն Խաչատրյանի տնօրինության ընթացքում բավականաչափ աշխատանքներ են կատարվել կենդանաբանական այգում, և քաղաքային իշխանությունը հարգանքով է վերաբերվում Խաչատրյանի անցած ուղուն»։ 

Նշենք, որ նոյեմբերի 5-ին կենդանաբանական այգու աշխատակիցները նամակ են հանձնել ՀՀ Կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին՝ իրենց կարծիքը հայտնելով վերջին օրերին կատարված իրադարձությունների և դրան հաջորդած տնօրենի հրաժարականի դիմումի վերաբերյալ։

Ըստ նամակի՝ այգու աշխատակիցները դեմ են տնօրեն Ռուբեն խաչատրյանի լիազորությունների դադարեցմանը և հորդորում են, որպեսզի տնօրենը օրենքով սահմանված ժամկետում հետ վերցնի իր հրաժարականի դիմումը։

Աշխատակիցների այս նամակին անդրադառնալով՝ մամուլի խոսնակը նշեց, որ Ռուբեն Խաչատրյանն արդեն իր որոշումը կայացրել է, իսկ մնացած իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում։

Սոնա Գրիգորյան