Դատախազն առարկել է նախկին մարզպետի օգնականի եղբորը գրավի դիմաց ազատելու միջնորդությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

արա

Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով դատական նիստին դատախազն առարկել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատախազը դատական նիստին առարկել է գրավի միջնորդությանը։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և կիրառել գրավ։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը»,- ասել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019-ի սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել, որի հետևանքով Մխիթարյանը 6 ամիս կոմայի մեջ էր: 

Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Վայոց Ձորի նախկին  մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին՝ Հարություն Գրիգորյանին, և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել  էին, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը որոշել էր 1,5 միլիոն գրավի դիմաց Զավեն Գրիգորյանին ազատ արձակել ։