ՌԴ-ում կալանավորվել է Երևանից թռչող ինքնաթիռ, մեջը՝ հայկական ակցիզով 40 տ մաքսանենգ ծխախոտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

 

1

Տելեգրամի՝ «Բոյլերնայա» ալիքը, հղում անելով ՌԴ-ի ուժային կառույցներում սեփական աղբյուրին, հայտնում է, որ ապրիլի 25-ին Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգային ծխախոտների խմբաքանակ։ Ինքնաթիռը Հայաստանից Աֆղանստան էր թռչում, չվերթի համար կանգառներ էին նախատեսված Կրասնոդարում և Դուշանբեում: 

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռի չվերթը մեկնարկել է Երևանից, բռնագանձվել է հայկական ակցիզով 40 տոննա կամ 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ: Բեռի շուկայական մոտավոր արժեքը մոտ 300 միլիոն ռուբլի է։

«Ամարկեթս» վերլուծական կենտրոնի ղեկավար Արտեմ Դեևը դեպքի առնչությամբ հայտնել է, որ անօրինական արտադրությունը ռուսաստան ներմուծելու այս սխեման հայտնի է և հաճախ է կիրառվում, գրում է աղբյուրը:

«Սկզբունքը պարզ է. փաստաթղթերով բեռը երկրով տրանզիտ գնում է, այդ պատճառով ավելի քիչ ուշադրություն է գրավում։ Սակայն Ռուսաստանի տարածքում՝ կանգառի կետերում, ապրանքն աննկատելորեն անհետանում է։ Փաստաթղթերը «փակվում են» արդեն մեր երկրի սահմաններից դուրս, և ձևականորեն ստացվում է, որ բեռը տեղ է հասել, թեև փաստացի անօրինական ծխախոտերը վաղուց արդեն բաշխված են լինում Ռուսաստանի առևտրային կետերին», - ասել է փորձագետը և հավելել, որ արդյունքում ստացվում է սովորական «ընդհատված տրանզիտ», որը հաճախ օգտագործում է մաքսանենգ ապրանքը ԵՏՄ երկրներից ներկրելու համար։