Բրայանթի կործանված ուղղաթիռի հայ օդաչուի օրգանիզմում թմրանյութ, ալկոհոլ չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Բրայանթ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն Կոբի Բրայանթի, նրա դստեր և մյուս ուղևորներին փոխադրող, հունվարին կործանված ուղղաթիռի օդաչուն՝ Արա Զոբայանը, թռիչքից առաջ ալկոհոլ կամ թմրանյութեր չի օգտագործել: Դա հաստատվել է Լոս Անջելեսում այդ գործով զբաղվող դատաբժշկական փորձագետների կողմից, փոխանցում է NBC-ն:

Նրանց զեկույցի հրապարկումներից հետևում է, որ Բրայանթը և մյուս ութ մարդիկ, որոնք գտնվել են օդանավում, մահացել են ստացած վնասվածքների պատճառով: Մահը հասել է ակնթարթորեն. տեղի ունեցածը որակվել է որպես դժբախտ պատահար:

Դատաբժշկական փորձագետների զեկույցից հետևում է, որ ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանի արյան մեջ ալկոհոլի կամ թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել, իսկ Բրայանթի արյան մեջ հայտնաբերվել են միայն ուշադրության և քնի խանգարումների ժամանակ կիրառվող բժշկական դեղամիջոցի հետքեր:

Հիշեցնենք, որ Բրայանթը հունվարի 26-ի առավոտյան Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից բասկետբոլի մրցաշարի համար ուղևորվում էր Թաուզանդ Օքս քաղաք․ վթարը տեղի էր ունեցել թռիչքից 39 րոպե անց:

Բրայանթն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում հինգ չեմպիոնական տիտղոսի է արժանացել: Նա 33643 միավորով չորրորդ տեղում է NBA-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողների ցանկում: