Հովհաննիսյանը Մեքսիկայի ԱԳ փոխքարտուղարին է ներկայացրել Արցախում ահագնացող հումանիտար իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ռտ

Սեպտեմբերի 13-ին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Մեքսիկական Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Մեքսիկայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Կարմեն Մոռենո Տոսկանոն։

Զրուցակիցները քննարկել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-մեքսիկական պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական կապերի զարգացումը: Ընդգծվել է երկկողմ հարաբերություններում տնտեսական, կրթամշակութային կապերի ներուժի և դրա աշխուժացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները։

Խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Մեքսիկական Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության միջև ակադեմիական դիվանագիտական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ հանձինս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՄՄՆ ԱՀ փոխքարտուղար Կարմեն Մոռենո Տոսկանոյի։

--00—ԱՊ