Վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները 2-3 անգամ բարձրացել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News    

կորոնավիրուս

 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում 2-3 անգամ ավելացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաստասխանելով լրագրողի հարցին:

«Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում 2-3 անգամ բարձրացել են: Ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին, բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող, պարգևավճարներ են ստացել նաև Շտապօգնության աշխատակիցները»,-ասաց Փաշինյանը:

Նախարարությունը բուժաշխողների համար ապահովում է նաև կեցության և սննդի հարցը: Անդրադառնալով բուժանձնակազմի պակասին, վարչապետն ասաց, որ ներկա պահին համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների: Մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը և կարողացել է աշխատանքներին ներգրավել նաև մեծ թվով կամավորների՝ բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների: «Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարարությունը, կառավարությունը միջոցներ են ձեռնարկում հանրապետությունում բժշկական կարողությունները, մասնավորապես վերակենդանցման բաժանամունքների կարողություններն ավելացնելու համար: Բայց մենք բոլորս ունենք հնարավորություն նման կարիքը չեզոքացնելու, եթե պահենք առաջարկված նվազագույն հակահամաճարակային կանոնները»,-ասաց Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս