Հոսանքը՝ քիչ, շները՝ շատ․ կյանքը՝ Արարատի մարզի Նոր-Խարբերդ համայնքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

հասարակական

Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղը, որը հաշված կիլոմետրեր է հեռու Երևանից, տևական ժամանակ է՝ 1990-ականների ճակատագրով է ապրում: Էլեկտրաէներգիայի պարբերական անջատումները գյուղի բնակիչներին ոչ վաղ անցյալն են հիշեցնում:

Նոր Խարբերդի բնակիչները բողոքներով դիմել են 24News-ի խմբագրություն։ «Շաբաթական 3-4 անգամ մի քանի ժամով անջատում են գյուղի էլկետրամատակարարումը: Դիմում ենք ՀԷՑ-ին, որ պարզենք, թե ինչո՞ւ են անջատել, անգիր արած նույն տեքստ են կրկնում՝ վթարային անջատումներ են ու վերանորոգման աշխատանքներ են տարվում: Է, հասկացանք, մեկ անգամ անջատեցին, երկու, երեք, բայց շաբաթական մի քանի անգա՞մ: Էդ ի՞նչ են վերանորոգում, որ չեն ավարտում»,- նշում են նրանք:

Մայրաքաղաքին այդքան մոտ բնակվողներին զարմացնում է նաև ներհամայնքային ճանապարհների, մեղմ ասած, անմխիթար վիճակը: Ասում են՝ փոշուց ու փոսերից բացի գյուղամիջյան փողոցներում ասֆալտ չեն տեսել:

«Միայն գյուղապետարան տանող ճանապարհն է ասֆալտապատված, դե դա էլ հասկանալի է՝ ինչու: Որ երբ ղեկավար մարմիններից ներկայացուցիչներ գան, հարթ ճանապարհով ընթանան, գյուղապետարանում էլ ասեն, թե տեսեք, նորմալ ճանապարհ ունենք: Բայց դուք չեք պատկերացնի, մանավանդ անձրևի ժամանակ անտանելի է դառնում ոչ միայն քայլելը, այլ նաև երթևեկելը: Փոշին ցեխի է վերածվում, անձրևափոսերում էլ «լոդկայով» պետք է նավարկես»,- ներկայացնում են նրանք:

Բնակիչներին անհանգստացնում է նաև թափառող շների հարցը: Պատմում են՝ ոչ թե մեկ-երկու շան մասին է խոսքը, այլ ոհմակի: Սոված են երևի, հավելում են գյուղացիները, ու հանկարծակի այնպես են հարձակվում մարդկանց վրա, որ էլ ասելու չի: «Օրեր առաջ 4-5 տարեկան մի էրեխու վրա հարձակվեցին: Լավ էր՝ մայրը մոտակայքում էր, շուտ հասավ, հանդարտեցրեց էրեխուն: Բայց դե այդպես չի կարելի: Հիմա անունը դնում են կենդանիների պաշտպանություն ու էդ կատաղած կենդանիներին էդպես բաց թողնում փողոցներում, բայց հետևանքների համար ո՞վ է պատասխանատու: Բա որ կծե՞ր էդ քյորփա էրեխուն: Ստերջացնում են, թե ինչ են անում, թող էդ հարցին լուծում տան»,- վրդովված ընդգծում են նորխարբերդցիները:

--0--ԿԿ

Վրույր Սևակ