Ի՞նչ պետք է անեն ռուս խաղաղապահները, եթե Ղարաբաղում պատերազմը վերսկսվի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

նկար

Չնայած պատերազմի պաշտոնական ավարտին, Լեռնային Ղարաբաղում կրկին կրակում և սպանում են: Ռուս խաղաղապահները ստիպված էին կանգնել ադրբեջանցիների և հայերի միջև, ըստ այդմ՝ նրանք արդեն միանշանակ հանգիստ գործուղում չեն ունենա Ղարաբաղում: Հանրապետության տարածքում խաղաղություն կլինի, թե՞ հրադադարի մասին համաձայնագիրը պարզապես ժամանակավոր հանդարտություն է նոր պատերազմից առաջ․ ասված է ռուսական Репортер-ի հոդվածում։

Նայելով Ղարաբաղում հակառակորդ ուժերի սահմանազատման քարտեզին՝  ցանկություն է առաջանում մեջբերել ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշին, որը մեկնաբանել է Առաջին համաշխարհային պատերազմն ավարտած Վերսալյան խաղաղության պայմանները. «Սա խաղաղություն չէ, սա 20 տարով զինադադար է»:

Եվ փաստ չէ, որ ռազմական գործողությունների վերսկսմանը պետք է սպասել երկու տասնամյակ: 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագիրը հիմնարար հակասություն է պարունակում, որը, անշուշտ, «կրակելու է»: Այն տարածքները, որոնք Խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ի մաս էին կազմում, «ըստ տրամաբանության» պետք է մնային հայերի հսկողության տակ:

Սակայն ադրբեջանական զորքերի հարձակումը դադարեցվել է նրանց առավելագույն հաջողության շրջանում, հետևաբար, նոյեմբերի 10-ին, դրանց ավարտի պահին Հադրութի, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ հատվածներ, որոնք նախկինում պատկանում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետությանը, մնացել են Բաքվի հսկողության տակ: Եվ ադրբեջանցի զինվորականները չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ, ընդհակառակը՝  նրանք սկսեցին ակտիվորեն իրենց օգտին «կտրել» հայկական էքսկլավները: Որպես հաղթող՝ նրանք սկսել են մաքրել իրենց թիկունքում մնացած գյուղերն ու արցախյան բանակի դիրքերը, իսկ վերջիններս, չնայած Երևանի կապիտուլյացիային, ոչ մի տեղ չեն գնացել և զինված դիմադրություն են ցույց տվել: Երկու կողմից էլ արյուն է թափվել, և ռուս խաղաղապահները ստիպված են եղել միջամտել:

Ռուս զինվորականները գտնվում են շատ բարդ և երկիմաստ վիճակում: Մի կողմից, նրանք պետք է ապահովեն ստատուս քվոյի պահպանումը, բայց ԼՂՀ-ում նրանց ներկայությունը կախված է ոչ թե ՄԱԿ-ի միջոցով կնքված միջազգային պայմանագրերից, այլ հենց Բաքվից: Նախագահ Ալիևը կարող է պահանջել, որ հինգ տարի անց նրանք հեռանան: Մյուս կողմից, մեկ բրիգադի ուժերով նրանք չեն կարող իրական վերահսկողություն ապահովել  լեռնային շրջանների վրա, ինչպես նաև կասեցնել ադրբեջանական բանակի առաջխաղացումը, եթե այն որոշի մնացած տարածքները հայերից խլել: Առայժմ Բաքուն բարեկամություն է խաղում Մոսկվայի հետ, բայց ի՞նչ  կպատահի, եթե «ընկեր Ռեջեփը» իր կրտսեր գործընկերոջը խնդրի նոր գրոհ սկսել Լեռնային Ղարաբաղում, իսկ ադրբեջանական զինուժը դադարի քաղաքավարի լինել Ռուսաստանի հետ:

Պետք է շատ միամիտ լինել չհասկանալու համար, որ նման ծրագրերը ակնհայտորեն մշակվում են: Մինչ այժմ դրանց ժամանակը չի եկել, բայց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև նույնպես դադար կա : Իսկ ի՞նչ կլինի Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետ, եթե ադրբեջանցիներն ու թուրքերը դադարեցնեն իրենք քաղցր վերաբերմունքը: Փաստորեն, նրանք նախագահ Էրդողանի արտաքին քաղաքական հավակնությունների պատանդներն են: Եթե Ռուսաստանն ի վիճակի չէ այնտեղ մշտական հիմունքներով պահելու և մատակարարելու մեծ ռազմական զորախումբ, և արդեն իսկ մեղավոր է հայերի առաջ, ապա գուցե այդ դեպքում արժե՞ նվազագույնի հասցնել խաղաղապահ առաքելության ձևաչափը ՝ սահմանափակվելով դիտորդներով:
 
--00—ՄՀ