Ընտրությունն ինքնիշխան պետության եւ թուրք-ադրբեջանական նվաստացված մասի միջև է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

․

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հայտարարություն է տարածել առաջիկա խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Հայրենակիցնե՛ր:

Անկախ Հայաստանի Հանրապետությունն իր 30-րդ հոբելյանական տարում հայտնվել է ճակատագրական ընտրության առջեւ. լինե՞լ, թե՞ չլինել հայկական: Շուրջ 9 ամիս հայությունն ապրում է արտակարգ ռեժիմում՝ այդ ընթացքում ունենալով բազմաթիվ հսկայական ցնցումներ՝ աղետալի պատերազմ, հսկայական մարդկային եւ տարածքային կորուստներ, տասնյակ հազարավոր վտարվածներ սեփական տներից, հարյուրավոր գերիներ եւ անհետ կորածներ, իրական սպառնալիք կորցնել Արցախը՝ որպես հայկական երկրորդ պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների զանգվածային եւ կոպիտ խախտումներ, կամայական կառավարում իշխանության բոլոր երեք (օրենսդիր, գործադիր եւ դատական) ճյուղերի նկատմամբ, որոնք պարունակում են սահմանադրական կարգի եւ պետական անվտանգության դեմ հանցագործության տարրեր, բռնության պաշտամունք, ամեն օր խորացող պառակտում ժողովրդի շրջանում, եւ որպես հետեւանք՝ Արցախից ու Հայաստանից թրքացման հետ անհամաձայն մարդկանց արտաքսման իրական սպառնալիք եւ ազգային պետության կորուստ:

Հունիսի 20-ի ընտրությունները սկզբունքորեն տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից, քանի որ սա ընտրություն է Հայաստանի՝ ինքնիշխան պետություն մնալու կամ թուրք-ադրբեջանական միության նվաստացված մաս դառնալու միջեւ: Այսօր, ինչպես երբեք, յուրաքանչյուրիս ընտրությունը ճակատագրական բնույթ ունի, եւ վաղը անմիջականորեն ազդելու է յուրաքանչյուրիս վրա:

Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ եւ նախասիրություններ, սակայն ունենք մեկ հայրենիք՝ Հայաստանը: Դիմում եմ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ կոչով, որ անպայման գնաք ընտրություններին եւ վճռական «ոչ» ասեք գործող իշխանություններին, որոնք խթանում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները, «ոչ» ասեք նաեւ այն ուժերին, որոնք մտադիր են նպաստել երկիրը կործանման տանող իշխանության վերընտրմանը:

Հորդորում եմ ձեզ գիտակցել այս պատմական պահի կարեւորությունն ու եզակիությունը: Մտածեք, թե ինչն է վտանգված եւ թույլ մի տվեք, որ սուտն ու կեղծավորությունը ազդեն ձեր ընտրության վրա: Ձեր ձայնը տվեք նրանց, ում համար առաջնային են հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը եւ ովքեր բացառում են ցանկացած համագործակցություն դեռեւս գործող կառավարության հետ:

Սա մեր ընտրությունն է, մենք պարտավոր ենք ոչ միայն այն կատարել, այլեւ պետք է կատարենք արժանապատվորեն, ինչպես վայել է պատմական երկար ուղի անցած ազգի: Միայն այս դեպքում կվերականգնենք մեզանից խլված արժանապատվությունը, մեր իրավունքն ու ապագա սերունդների իրավունքը՝ ապրել իրենց պատմական հայրենիքում, վերականգնել պետականության զգացողությունն ու ապագայի հույսը:

Այն, ինչ տեղի ունեցավ մեր հայրենիքի հետ վերջին երեք տարիների ընթացքում, համոզիչ վկայությունն է այն բանի, թե ներկայիս իշխանությունները, նրանց աջակիցներն ու տերերը ինչ ապագա են նախապատրաստում Հայաստանի եւ Արցախի համար: Սակայն մենք դեռ հնարավորություն ունենք կանխել ազգային եւ պետական աղետը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս