Հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվի, ռուս խաղաղապահները կավարտեն այս գործը․ Մուրադով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

մուրադ

Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ գերի ընկածները ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, դեռևս գերությունում գտնվող հայ զինվորներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին ասել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Աշխատանքը շարունակվում է․ կա լավ ազդակ, ըմբռնում։ Կարծում եմ՝ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահները կավարտեն այս գործը», - ասել է Մուրադովը՝ ընդգծելով, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտք։

«Որպես զինվորական՝ հասկանում եմ՝ ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ թռանք Բաքու, և վերադարձին տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն հասել էին Երևան՝ Էրեբունի օդանավակայան։ Նրանք արցունքներն աչքերին չէին հավատում, որ տուն են վերադարձել», - ասել է Մուրադովը։

--00—ԼՄ