Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնման հարցում տեխնիկական փուլը դեռևս չի սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Տնտեսական

ՀՀ երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի և Մեղրիի համայնքապետի միջև հանդիպում չի եղել։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։

Հունվարի 15-ին աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, որը մեկ այլ որոշմամբ պետք է հունվարի 14-17-ը գործուղվեր Մեղրի։ Զաքարյանն ասաց, որ առայժմ երկաթուղիների վերականգման հարցով ինչ-որ քննարկում, հանդիպում իր հետ չի եղել, նախագիծ, ծրագիր իրեն չի ներկայացվել։ «Աշխատանքային խմբի անդամները եկե՞լ են, չե՞ն եկել, չեմ կարող ասել, ես պաշտոնապես ոչ մեկի չեմ դիմավորել։ Եկե՞լ են այլ խմբով, գնացե՞լ, ուսումնասիրություններ են կատարել, դա էլ  չեմ կարող ասել, բայց կոնկրետ համայնքապետարանի հետ հանդիպումներ, քննարկումներ չեն եղել», - եզրափակեց նա։

Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը նույնպես 24News-ին ասաց, որ իր հետ որևէ քննարկում, հանդիպում չի եղել այս հարցով։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը 24News-ին ասաց, ոչ երկաթուղու վերականգման ուղղությամբ քաղաքական գործընթացին ՀԿԵ-ն մասնակից չէ։ «Կառավարության եռակողմ հանձնաժողովն է զբաղվում այդ հարցով։ Հնարավորություն լինելու դեպքում մենք ընդամենը մասնակից կարող ենք լինել այսպես ասեմ, մյուս էտապում, այս էտապին մենք դեռ դերատակատարություն չունենք», - նշեց նա։

Գրձելյանն ասաց, որ ընկերությունն ունի տեխնիկական հնարավորություններ մասնակցելու երկաթուղու վերականգմանը։ «Ընկերությունը 13 տարվա ընթացքում զբաղվում է կապիտալ վերանորոգմամբ, այսինքն՝ 0-ից գիծ սարքելու նաև հնարավորություն ունի, ինչն արվեց ատոմակայանի համար, վերականգնվեց վաղուց չգործող գիծը։ Թե հիմա քաղաքական որոշումը ե՞րբ կլինի, մե՞նք մասնակից կլինենք, թե՞ այլ կազմակերպություն կանի․․․ Մենք որպես կապալառու կարող ենք հանդես գալ։ Դեռևս որևէ նախագիծ չի ներկայացվել», - եզրափակեց ՀԿԵ մամուլի քարտուղարը։ 

Տրանսպորտի և կապի նախկին նախարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հենրիկ Քոչինյանը 24News-ին ասաց, որ վերակագման գործընթացի ժամանակ պետք է խորհրդակցել մասնագետների, տնտեսվարողների, ինչ-որ տեղ համայնքների ղեկավարների հետ։ «Օրինակ՝ Քաջարանի կոմբինատի հետ պետք է խորհրդակցեն, քանի որ նրանց արտադրանքի փոխադրման հարց կարող է լինել, Կապանի համայնքապետի հետ կարելի է խորհրդակցել», - նշեց նա։

Իսկ թե ո՞ր ընկերություններն են կարող ներգրավված լինել վերականգման աշխատանքներում, Քոչինյանն առաջին հերթին նշեց Հարավկովկասյան երկաթուղու անունը։ «Որովհետև երկաթուղու շինարարությամբ հիմնականում նրանք են զբաղվում։ «Կամուրջշին», «Մետրոշին» ընկերությունները կարող են մասնակցել, այսինքն՝ որոնք երկաթուղու, մետրոպոլիտենի շինարարության, նախագծման աշխատանքներով են զբաղվել։ Ճանապարհաշինարարական ձեռնարկությունները կարող են մասնակցել հողային պաստառի կառուցման գործերում։ Աշխատանքներին կարող են մասնակցել տարբեր ոլորտային ընկերություններ։ Մեկը կարող է մրցույթ շահել, մյուսին ենթակապալառուի կարգավիճակում ներգրավել», - եզրափակեց պրոֆեսորը։

Փոխվարչապետ, տարաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի անդամ Մհեր Գրիգորյանի գրասենյակից խնդրեցին մեկնաբանության համար գրավոր դիմել վարչապետի աշխատակազմ, քանի որ վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն Արտաշես Թումանյանն է։

--00--ԿԿ

Տեսանյութեր