Սադրիչ հայտարարություններով ուզում են հանձնել ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինանը ներկայացրել է ՌԴ այցի արդյունքները։ Ըստ ՀՀ վարչապետի՝ ՌԴ նախագահի հետ բանակցությունների հաջորդ արդյունքը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության՝ միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր սրանից բխող քաղաքական հետևանքներով։

«Եվ եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան են այցելել ԵԱՀԿ ՄԽ-ի՝ ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման մասին հայտարարությունները հիմնավորված չեն։

Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ կարգավորման՝ իրենց մանդատին հավատարիմ են մնում, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների գործունեության համար դժվարություններ են ստեղծել։ Բայց առավել ևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս։

Այս ֆոնին, իհարկե, չափազանց կարևոր է ԼՂ անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը։ Այս առումով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի նեդրումը անուրանալի է, մյուս կողմից մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։