«Մալաթիա» տոնավաճառն այսօր էլ չի բացվի․ էլեկտրականության հետ կապված խնդիրները չեն վերացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

image_750x_63da7b36397cf.jpg

«Մալաթիա» տոնավաճառն այսօր էլ չի բացվելու, քանի որ խախտումների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են, մինչև չվերաջացնենք աշխատանքները՝ չենք աշխատելու: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։ «Տոնավաճառի առաստաղները հրդեհավտանգ էին և պետք է փոխվեն, էլեկտրականության հետ կապված ևս հարցեր կան: Կավարտենք աշխատանքները, նոր տոնավաճառը կբացենք, մինչև չկարգավորվի, չենք աշխատելու: Հնարավոր է, որ այսօր աշխատանքները ավարտվեն, վաղը վերաբացվի»,- մանրամասնեց տոնավաճառի տնօրենը:

Նրա խոսքով՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշումը կասեցնելու խնդրով դիմել է Վարչական դատարան, չնայած որ փետրվարի մեկից կարող էին աշխատել, բայց որոշել են տոնավաճառը չվերաբացել մինչև աշխատանքները չավարտեն:

«Նախ ասեմ, որ շնորհակալ եմ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, իրենք օգնեցին, որ անվտանգային խնդիրների հետ կապված հարցերը կարգավորվեն: Իսկ ինչ վերաբերում է պատճառաբանություններին, թե տոնավաճառը պետք է փակվի, որ «Սուրմալու» տոնավաճառի իրավիճակը չկրկնվի, ապա անհնար է այստեղ «Սուրմալու»-ի նման պայթյուն լինի, քանի որ մեր տարածքում գազ չի օգտագործվում, պայթունավտանգ, հրդեհավտանգ նյութեր չկան, մի հարկանի շենք է և մարդկանց էվակուացնելու խնդիր չկա: Բայց եթե ցանկանան խնդիրներ գտնել, կգտնեն, նման շատ վայրերում անվտանգային խնդիրներ կան: Բայց մենք կոնֆլիկտ չենք ուզում ունենալ, այստեղ ժողովրդի հարցն է, մարդկանց պետք է օգնել»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն՝ տոնավաճառը փետրվարի 1-ից փակվել էր։ Ինչպես նշել էր տեսչական մարմինը, անցյալ տարի իրականացված ստուգումների ընթացքում արձանագրած 17 խախտումներից 12-ն էին վերացվել։
--00—ԶՀ