Դավիթ Հարությունյանի փոխարեն Անդրեասյանը նախագահին առաջարկել է իր խորհրդականին դատավոր նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

դդ

ԲԴԽ-ն հուլիսի 10-ին դռնփակ նիստում որոշում է կայացրել՝ Գագիկ Արայի Հարությունյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար ՀՀ նախագահին ներկայացնելու մասին։ Տեղեկանում ենք ԲԴԽ որոշումներից։ 

Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականն է: Նա մինչ ԲԴԽ տեղափոխվելը եղել է Կարեն Անդրեասյանի խորհրդականը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:

«Փաստինֆո»-ն գրում է, որ Գագիկ Հարությունյանը կնշանակվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի փոխարեն:

Նշենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է հուլիսի 3-ին՝ փակ դռների հետևում։ Որոշման հրապարակման օրը ԲԴԽ-ն խոչընդոտել է ԶԼՄ-ների աշխատանքը:

Հիշեցնենք, որ վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է: Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել:

Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:

--00—ՍՊ