Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկը կթեթևանա․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News

Ամուսնական զույգը, որի տարիքային գումարը չի գերազանցում 70-ը, կարող է մասնակցել «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրով բնակարանի ձեռքբերման մրցույթին։ Կառավարության որոշմամբ՝ նվազեցվում և սուբսիդավորվում են երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանների հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները:

Մեկնաբանելով կառավարության որոշումը՝ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը նշեց, որ այժմ երիտասարդների համար կթեթևացնեն վարկի սկզբնական մուծումը։ Նախկինում նոր բնակարանի համար պետք էր վճարել արժեքի 20% -ը, երկրորդականի դեպքում` 30%-ը։ Այժմ կանխավճարը հասցվել է 10%-ի։ Մնացածի համար հնարավոր կլինի ապահովագրություն ձևակերպել։

Ծրագրից տարանջատվել են նաև նորակառույց և հին շենքերը։ Նորակառույցներում բնակարաններ ձեռք բերելու համար տան առավելագույն գումարը դարձել է 30 միլիոն դրամը, իսկ ոչ  նորակառույցներում՝ 25 միլիոն դրամը։ 

Բացի այդ, ինչպես նշեց Կարեն Թամազյանը, եթե հիփոթեք են վերցնում նոր բնակարանի համար, երիտասարդ ընտանիքը կարող է հետ ստանալ եկամտահարկը վարկի տոկոսների չափով։ Այդ դեպքում, տոկոսն, ընդհանրապես, զրոյական է դառնում։

Նոր փոփոխության համաձայն՝ վարկային հայտերը դիտարկում և հաստատում է միայն բանկը։