Երեկվա ավագանու նիստը լավ առիթ էր, որպեսզի Խաժակյանը ներողություն խնդրեր հանրության առաջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հակոբ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցազրույցներից մեկը, հանդես է եկել գրառմամբ․ «Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը»։

Նա նշել է. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 30-ին հրապարակված այս տեսանյութում ասում է, որ եթե դատախազությունը իր տված հաղորդման հիման վրա ապօրինություն չգտնի, ինքը ներողություն կխնդրի:

Հայտնի է, որ ՀՔԾ-ը քննել է Խաժակյանի ներկայացրած հաղորդումը և քրեական գործի հարուցումը մերժել է: Իր հերթին դատախազությունը մերժել է ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկելու վերաբերյալ Խաժակյանի դիմումը: Այսպիսով, դատախազությունը, Խաժակյանի բառերով ասած՝ ապացուցել է քաղաքապետի որոշման օրինականությունը:

Կարծում էինք, որ երեկվա ավագանու նիստը լավ առիթ էր՝ կատարելու իր խոստումը և ներողություն խնդրելու հանրության առաջ: Պարոն Խաժակյանը, սակայն, չօգտագործեց այն: Ավելին, սովորաբար միշտ ակտիվ ավագանու անդամը բացակայեց նիստի զգալի մասից: Սա կարևոր է շեշտել նաև այն իմաստով, որ պարոն Խաժակյանը իր մեկ այլ հանրային գրառման մեջ խոսք էր տվել փետրվարի 11-ի նիստի ընթացքում փաստեր ներկայացնել Կամազների փոխարեն քաղաքապետարանին «փո՛ղ, փող» նվիրելու մասին արված կեղծ պնդումների վերաբերյալ:

Հուսանք, պարոն Խաժակյանը մոտ ապագայում կանդրադառնա այս հարցին, և նրա խոստումները հիշեցնելու անհրաժեշտություն այլևս չենք ունենա»: