Բացասական եմ գնահատում ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի գործունեությունը․ Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

«ԵՊՀ ռեկտորի ընտրություններին կառաջադրե՞մ թեկնածությունս, թե՞ ոչ՝ դեռ չեմ որոշել, դա կապված է մի շարք հանգամանքների հետ։ Դեռ փորձում եմ գնահատել իրավիճակը, բայց որոշ զարգացումներ բացասական եզրահանգման հիմքեր են առաջ բերում», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ 

Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ փետրվարի 21-ին տեղի ունեցած ԵՊՀ գիտական խորհրդի նիստին։ Նրա խոսքով՝ «գիտխորհրդի նիստը ցույց տվեց, որ անգամ հայկական ինքությանը վերաբերող հարցերի նկատմամբ այն իներտ է»։ Մելքոնյանը նաև մտահոգություն հայտնեց գիտխորհրդի անդամների՝ իշխանության նախագծերին հարմարվելու մոլուցքի վերաբերյալ։
Գիտական խորհրդի նիստի ընթացքում ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը և դեկան Ռուբեն Մելքոնյանն այնքան էլ հանդարտ չէին իրենց փոխադարձ ելույթներում։

«Տարաձայնություն չունեմ Գեղամ Գևորգյանի հետ, ունեմ լուրջ անհամաձայնություն նրա՝ շփվելու էթիկական կուլտուրայի հետ։ Գիտխորհրդի նիստերը նա վարում է ոչ այնքան ակադեմիական բառապաշարով և պրոֆեսորին կարող է դիմել ոչ հարիր ձևակերպումներով։ Ես կարող եմ ավելի կոշտ ու կոպիտ պատասխանել, բայց, հարգելով նրա տարիքը, և, ունենալով որոշակի բարոյական կողմեր, չեմ ուզում վիրավորել Գևորգյանին, բայց սահմաններ գոյություն ունեն։ Նա աշխատակիցների հետ խոսելիս չի կարողանում ճիշտ բառեր ընտրել, եթե ակադեմիկոս Գևորգյանը մի քիչ ավելի լավ տիրապետեր հայոց լեզվի նրբերանգներին, ապա կկարողանար ընտրել համապատասխան բառապաշար», - նշեց Մելքոնյանը։

Գնահատելով ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի գործունեությունը՝ Մելքոնյանը նշեց․ 
«Գիտխորհրդի նիստերը զերծ չեն շարունակական սկանդալներից, դա Գևորգյանի կառավարչական թույլ հմտությունների պատճառով է։ Նա ճիշտ կաներ պաշտոնավարման այս ամիսներն այլ կերպ օգտագործեր և համալսարանում կարգավորեր աշխատանքային և այլ խնդիրներ։ Նրա պաշտոնավարման ընթացքում մի շարք սկանդալային դատական գործեր են հարուցվել, կարծում եմ այս ամենից նա պետք է հետևություններ աներ։ Ես նրա գործունեությունը բացասական եմ գնահատում», - նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս