Բանակը կորոնավիրուսից զերծ պահելու համար ամեն ինչ անում ենք․ զինծառայողների մոտ խուճապ չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

կորոնավիրուս

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ ԶՈւ-ում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Զինծառայողների մոտ որևէ խուճապ չկա։ Էապես սահմանափակվել են քաղաքացիական անձանց մուտքը զորամասեր, նույնիսկ՝ ՊՆ վարչական համալիր»,-այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

«Փորձում ենք այնպես անել, որ զինծառայողների շփումն այլ անձանց հետ սահամանափակվի։ Հորդորում ենք, որ զինծառայողների և հարազատների միջև տեսակցություններ չկատարվեն, նույնիսկ հետաձգվել են զորամասերում նախատեսված բոլոր միջոցառումները», - հայտնեց Ալթունյանը։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի խոսքով՝ զինծառայողների առողջական վիճակի հետ կապված որևէ արտառոց դեպք դեռևս չի արձանագրվել, և նրանց առողջությունը խիստ վերահսկողության տակ է։

«Վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են բանակը կորոնավիրուսից զերծ պահելու համար։ ԶՈւ-ն ապահովված է կորոնավիրուսի թեստերով և անհրաժեշտ պարագաներով», - հավելեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը։

Սոնա Գրիգորյան