Արայիկ Հարությունյանի հրաժարականն անպատասխանատու քայլ կլինի, կաթվածահար կանի պետական համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Լաչինի միջանցքի բացման համար ադրբեջանցիների հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ քննարկումներ են ընթանում, բայց ռուս խաղաղապահները քաղաքական գործընթացներին չեն մասնակցում, զինվորական են, իրենց պարտականություններն են իրականացնում, իսկ հարցը վաղուց դարձել է քաղաքական և պետք է քաղաքական լուծում ստանա: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:

«Պարզ է, որ այն, ինչ կատարվում է, ատելութուն է հայերի նկատմամբ, էկոլոգիայի հետ որևէ կապ չունի, կազմակերպված թատերական ներկայացում է, ներգրավված են հատուկ ծառայության աշխատակիցները, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հիմնադրամը, դրա դիմաց մեծ գումարներ են ստանում: Էկոակտիվիստներն ուղղակի գործիք են, իրենք չեն որոշողը, գործընթացը պետք է ամենաբարձր մակարդակով ընթանա՝ Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ, նաև միջազգային կառույցների ներգրավվածությամբ»:

Դիտարկմանը, թե Հայաստանը նախորդ անգամ հրաժարվեց Ռուսաստանում կայանալիք Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը մասնակցել, պատճառաբանվեց, որ ադրբեջանիցները նոյեմբեր 9-ի հայտարարությամբ պարտավոր են միջանցքը բացել, իսկ բանակցել, նշանակում է հարցը քննարկման առարկա դարձնել: Օրեր առաջ Ռուսաստանից կրկին հանդիպման առաջարկ է եղել, կարծում եք պետք է Հայաստանը առաջարկը ընդունի՞, Բաբայանը նշեց, որ, դժբախտաբար, Ադրբեջանն այս հարցը արդեն քննարկման առարկա է դարձրել,պետք է իրավիճակում լուծումներ գտնել. «Լավ, Ադրբեջանի հետ չքննարկենք, ի՞նչ անենք, արցախցիները մեռնե՞ն, ամեն ինչ պետք է անել, որ իրավիճակը հանգուցալուծվի, բանակցություների և քննարկումների միջոցով»:

Դիտարկմանը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր և ներկայացրել Ազգային ժողովի քննարկմանը, որի համաձայն՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:

Հարցին՝ ո՞րն է այս նախաձեռնության նպատակը, արդյոք հնրավո՞ր է, որ Արցախի նախագահը այս կերպ նախապատրաստվում է իր հրաժարականին, Բաբայանը ընդգծեց, որ Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին վաղուց է խոսվել, ներկայիս Սահմանադրությունը վտանգավոր կետեր ունի, որի համաձայն՝ նախագահի և ԱԺ ինստիտուտները դարձել են սիամական երկվորյակներ:

«Շահարկումներ են, թե Արայիկ Հարությունյանը ցանկանում է հրաժարական տալ, նման լուրջ քննարկում չի եղել, այս իրավիճակում դա անպատասխանատու քայլ կլինի իր կողմից, քանի դեռ պատրաստի կառուցակարգեր մշակված չեն: Հարցը Արայիկ Հարությունյանը չէ, եթե կառուցակարգերը մշակված լինեն և տվյալ մարդը հեռանա, դա պետության վրա ազդեցություն չի ունենա, իսկ այս իրավիճակում Արայիկ Հարությունյանի հրաժարականը կաթվածահար կանի ամբողջ պետական համակարգը:

Ծանր իրավիճակում ենք, իրավունք չունենք այնպիսի գործերով զբաղվել, որոնք կբերեն կործանման: Պետք է փոփոխություններ լինեն, երբ ֆորսմաժորային իրավիճակներ լինեն, պատրաստ լինենք, ոչ թե կանգնենք կոտրած տաշտակի առջև, իրավունք չունենք ապալեգիտիմացնելու Արցախի Հանրապետությունը: Պատկերացրեք՝ լուծարվում է կառավարությունը և ընտրութուններ էլ չեն լինում, ի՞նչ է լինելու, ո՞վ է դրանից օգտվելու՝ հակառակորդը, պրովոկատորները և այլ շահեր սպասարկող մարդիկ, չպետք է նման բան լինի»,- ընդգծեց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ