Ինչ ճանապարհ է անցել Արցախի ՊԲ նոր հրամանատարը՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ներկայացնում ենք Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը։

Ծնվել է 1966 թ. դեկտեմբերի 4-ին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում:

1973-1984 թթ. սովորել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում:

1984 թ. ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվառման ֆակուլտետը, որի 1-ին կուրսն ավարտելուց հետո 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1990 թ. ավարտել է վերոհիշյալ ուսումնական հաստատությունը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

1990-1992 թթ. աշխատել է Հադրութի շրջանի Խնայբանկում՝ որպես վարկավորման հրահանգիչ, գլխավոր հաշվապահ, այնուհետև նույն խնայբանկի կառավարիչ:

1991 թ.-ից ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական ուժերին, իսկ 1992 թ. աշնանը, որպես շարքային, զինվորագրվել նոր-նոր կազմավորված Հադրութի պաշտպանական շրջանին: Այնուհետև նույն զորամասում զբաղեցրել է դասակի, ապա՝ մարտկոցի հրամանատարի, հրետանու շտաբի պետի, հրետանու պետի, իսկ 1996-1998 թթ. պաշտպանական շրջանի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ պաշտոնները:

1998 թ. օգոստոսին ընդունվել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան և այն ավարտել գերազանցության դիպլոմով:

2001 թ. նշանակվել է զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ:

2003 թ. դեկտեմբերին նշանակվել է զորամասի հրամանատար:

2006 թ. օգոստոսին նշանակվել է կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ:

2010-2011 թթ. սովորել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ այն ավարտելով ոսկե մեդալով:

2011 թ. օգոստոսից մինչև 2015 թ. նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը:

2014 թ. սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2015 թ. նոյեմբերին նշանակվել է բանակային կորպուսի հրամանատար:

2017 թ. սեպտեմբերի 7-ին նշանակվել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ:

2018 թ. դեկտեմբերին 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար:

Պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով, «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով: