Նեթանյահուի որդին Էրդողանին պատասխանել է քրդական դրոշով

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News 

Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, ով հայտնի է իր հակաէրդողնական հայացքներով, պատասխանել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որտեղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի գործողությունները Երուսաղեմում անվանել էր «վայրագ և ահաբեկչական»։  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նախօրեին իսրայելցի ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ-Աքսայի մզկիթը գրոհելու հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 200 պաղեստինցի: Վիրավորներ կան նաև իսրայելցի ուժայինների մեջ:

Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Նեթանյահուի որդին իր Twitter-ի էջում հրապարակել է քրդական դրոշը՝ կից նշելով Էրդողանի թվիթերյան էջի հղումը։ 

Այս հրապարակումը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։ 

Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, որ Նեթանյահուի որդին միջամտում է Թուրքիա-Իսրայել քաղաքական հակամարտությանը։ Ավելի վաղ  Յաիր Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանին, նշել էր․ «Ես նրան նաև կհիշեցնեմ Թուրքիայի իրականացրած հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։

 --00—ՄՀ