Աղաջանյանն ու ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Աղաջանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Կարևորվել է անհետ կորած անձանց իրավական պաշտպանությանն ուղղված քայլերի իրականացումը:

Էդուարդ Աղաջանյանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Հանձնաժողովի նախագահը հյուրին մանրամասն ներկայացրել է Կառավարության հնգամյա ծրագրով նախանշվող քայլերը:

Թիերի Ռիբոն ներկայացրել է հետպատերազմյան շրջանում ԿԽՄԿ-ի իրականացրած գործունեությունը՝ շեշտելով կազմակերպության համակարգված աշխատանքը տարածաշրջանում  Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների միջև: Նա հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ն առավելագույն ջանքեր է գործադրում գերեվարված անձանց պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի վերահսկման ուղղությամբ: Կառույցի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հայ գերեվարվածներին և օգնում նրանց պահպանել կապը ընտանիքների հետ: Նշվել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը որպես չեզոք միջնորդ մի շարք հարցերով՝ ներառյալ աջակցությունը սահմանամերձ բնակչությանն ու անհետ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները:

--00--ԱԹ