Արցախ մտնող գազատարի վրա փական է տեղադրված և կողմնակի միացում է արվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

b8a53246-8b22-4305-ba3d-cea57ce2b277.jpg

Ադրբեջանական կողմը 2022թ. մարտի 8-ին Շուշիի շրջանի «Զառսլիի» հատվածում պայթեցրել է Հայաստանից դեպի Արցախ գնացող Արցախի Հանրապետության միակ մայրուղային գազատարը և որոշ ժամանակ անց այն վերանորոգել` «Արցախգազ» ընկերության աշխատակիցներին չթույլատրելով մասնակցել վերանորոգման աշխատանքներին:

«Արցախպրես»-ի հետ զրույցում «Արցախգազ» ՓԲ ընկերության Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը նշել է, որ գազատարի շահագործումը վերսկսելուց հետո պարզ է դարձել, որ դրա վրա փական է տեղադրված և կողմնակի միացում է կատարվել, այսինքն` գազագողություն է իրականացվում:

«Սկսած 2022թ. դեկտեմբերից՝ հակառակորդի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը խափանվել է 8 անգամ:

Բացի այդ, գազամատակարարման արգելափակումների և վերականգնումների միջակայքում, մի շարք անգամ էլ գազատարն արգելափակել են ոչ թե ամբողջությամբ, այլ` 50 տոկոսով, հետո գազամատակարարման ծավալը դարձել է 70 տոկոս, 10 տոկոս և այսպես շարունակ:

Ընդ որում, նման գործողություններն իրականացվել են օրական մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ:

Ընդհանուր առմամբ՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 13-ը շուրջ 27 նման դեպք է գրանցվել,մանրամասնել է մեր Սամվել Սահակյանը ՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի կողմից փորձ է արվում ստեղծել վթարային իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել դժբախտ պատահարների և բնակչության մեջ վախի մթնոլորտ ստեղծել:

--00—ԶՀ