ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID-19-ի արագ ախտորոշման հակագենային 40 հազար թեստ

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News

ԱՀԿ

ԱՀԿ-ն Հայաստան է առաքել և ՀՀ առողջապահության նախարարությանն է փոխանցել COVID-19-ի արագ ախտորոշման հակագենային 40000 թեստ, որոնք կարճ ժամանակահատվածում կարողանում են հայտնաբերել մարդու օրգանիզմում առկա ակտիվ SARS-CoV-2 վարակը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

«Արագ թեստավորումը նպաստում է COVID-19-ով հիվանդների ժամանակին հայտնաբերմանը, մեկուսացմանը և դեպքերի կառավարմանը, ինչը կարևոր է երկրում համաճարակի զսպման համար։ Սակայն այն կիրառելի չէ բոլոր իրավիճակներում. միայն բուժաշխատողները և հանրային առողջապահության մասնագետները կարող են որոշել, թե ինչպիսի իրավիճակում և հիվանդության որ շրջանում այն կարող է ցույց տալ վստահելի արդյունքներ։

Հակագենային թեստերը արագ ախտորոշման թեստերի դեռևս միակ տեսակն են, որը կարելի է կիրառել COVID-19-ի ախտորոշման համար։ Այս տեսակ թեստերից ընդամենը մի քանիսն են անցել համապատասխան ստուգումներ։ Լաբորատորիաները պետք է զգուշությամբ ընտրեն, թե որ թեստը կարելի է կիրառել՝ վստահ լինելու համար, որ օգտագործվող թեստերը համապատասխանում են որակի վերահսկողության պահանջներին։

Միաժամանակ, հակագենային այս թեստերն ունեն մի շարք առավելություններ․ հեշտ փոխադրելի են, կիրառության՝ մեջ դյուրին, ինչպես նաև՝ հուսալի թեստավորումը հասանելի են դարձնում ավելի մեծ թվով մարդկանց համար։

ԱՀԿ-ի կողմից հրապարակված ուղեցույցը մատնանշում է այս թեստերի կարևորությունը հատկապես այն վայրերում, որտեղ վարակն ունի լայն տարածում, իսկ ՊՇՌ մեթոդով հետազոտություն անցկացնելն անհնար է, կամ թեստի արդյունքներն ստանալու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ»,- ասվում է գրասենյակի Ֆեյսբուքի գրառման մեջ:

 --00—ՄՀ