Ինչ կասեր Փաշինյանն Ալիևին, եթե ազնիվ պատասխաներ այդ պնդմանը․ ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

tatevik

«Եթե Մյունխենում Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած «Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ» պանելային քննարկման ժամանակ Ալիևը նաև նշեց, որ փաստը, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության պատերազմից հետո, նշանակում է հայ ժողովուրդը հաշտվել է պարտության հետ»։ Այդ մասին տելեգրաման իր ալիքում գրում է ադբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Մտածում եմ, եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ պատասխաներ այդ պնդմանը, կասեր հետևյալը. 

Պարոն Ալիև, իսկ գիտե՞ս, ես 2021 թ. հունիսին մուրճը ձեռքիս գյուղից գյուղ ընկած քվե էի խնդրում, քանի որ նախ վախեցնում էի նախկինների վերադարձով, բացի այդ՝ խոստանում էի պայքարել Արցախի ժողովրդրի ինքնորոշման իրավունքը համար, ավելին՝ խոստանում էի բանակցել Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի հարցով: Բայց երբ քվե ստացա, մուրճս դրեցի պատյանս ու սկսեցի բանակցել, թե ինչպես հրաժարվեմ Արցախից, ինչի՞ դիմաց, իբրև Հայաստանը պաշտպանելու, բայց ես անգամ Հայաստանը չեմ կարողանում պաշտպանել: Անցած տարվա սեպտեմբերին դու արդեն Հայաստանի վրա հարձակվեցիր ու գլուխ ես գովում, որ սահմանը կանցնի այնտեղով, որտեղով դու կկամենաս, ես էլ փոխարենը ասում եմ, որ պետք է քեզ հետ «խաղաղության դարաշրջան» կառուցեմ: 

Մի խոսքով, ասածս այն է՝ Ալիև, որ հայ ժողովուրդը պարտություն չի ընտրել, հակառակը իրենք դեմ են Արցախի հանձնմանը, որովհետև գիտեն, որ դրանից հետո հարցականի տակ կդրվի հայոց պետականությունը: Ես ու իմ թիմն ուղղակի խաբել ենք ժողովրդին, մենք այդպես ենք կառավարում, ամեն առավոտ մի նոր սուտ ենք հորինում, որ էլի մնանք իշխանության, սա է մեր կառավարման ձևը ու գիտես՝ ստացվում է մեզ մոտ: Նաև նրա շնորհիվ, որ մենք նախկիններ ունենք, իսկ դու Ալիևի այնպիսի բռնապետ ես, որ անգամ նախկին չունես: Պարտություն ընտրել եմ միայն ես ու իմ թիմը, հայ ժողովրդի վրա դա մի բարդի, կարգին ժողովուրդ են, ուղղակի շատ միամիտ են, մինչև հիմա իմ ստերին հավատում են...»: