Դատախազությունը բողոքարկել է Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

իրավական

Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը: Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հայտնել է 2018 թվականի հոկտեմբերին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Անցած 1,5 տարիների ընթացքում երկու անգամ փոփոխվել է Վ.Հարությունյանին մեղսագրվող մեղադրանքը և մի քանի անգամ միջնորդություն ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է:

ՀՔԾ-ի տեղեկացմամբ՝ Վ.Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով ապօրինի և պատրաստակամություն հայտնել ընդհատել Ռուսաստանում իր բուժումն ու վերադառնալ Հայաստան, եթե Հայաստանի իրավապահները վերացնեին հետախուզումը, սակայն հետախուզումը չի վերացվել, թեև չկա նաև ընտրված խափանման միջոց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մարտի 15-ին Վ.Հարությունյանը ձերբակալվել է Ռուսաստանում, սակայն մեկ օր անց նա ազատ արձակվեց. Ռուսաստանի դատախազությունն արձանագրել է, որ Հարությունյանին Հայաստանի կողմից մեղսագրվող ենթադրյալ արարքների վաղեմության ժամկետն անցել է, ինչից հետո հետո հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Վ.Հարությունյանին կալանավորելու համար, որը մակագրվել էր դատավոր Վահե Միսակյանին ու վերջինս հերթական անգամ մերժել էր ՀՔԾ-ին։

Սոնա Գրիգորյան