Արցախցիները դիմադրում են, Փաշինյանն իրավունք չունի նրանց մեջքի հետևում պայմանավորվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Ադրբեջանն ամբողջ Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ ունի, նրանք «Խաղաղության պայմանագիրը» չեն ստորագրի, եթե իրենց շահերը ամբողջությամբ չարտացոլվեն դրանում։ Ադրբեջանն այնպիսի խաղաղության է ձգտում, որտեղ հայեր չկան և դա ուզում է անել մեր տարածքների ու պետականության հաշվին: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Արցախցիներն արդեն երկու ամիս դիմացել են, Փաշինյանն իրավունք չունի գնալ և մարդկանց մեջքի հետևում, կուլիսներում պայմանավորվածություն ձեռք բերել, դա մեծ հարված կլինի նրանց համար, կարող են հեռանալ՝ մտածելով, որ իրենց խաբում են:

Որքան էլ իրավիճակը բարդ լինի, պետք է ազնիվ լինել Արցախի իշխանության ու ժողովրդի հետ, ի վերջո, իրենք են որոշում` Արցախն ինչ ճանապարհով է ուզում գնալ»,- ավելացրեց Հայրապետյանը: Ադրբեջանագետն ընդգծեց նաև, որ պատմական պահ է. եթե Արցախը կորցնենք, հաջորդը Սյունիքն ու ՀՀ պետականությունն են լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ